Հայաստանի Ազգային ժողովը 57 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մարտի 19-ին ԱԺ-ում հայտնել էր, որ համաձայնագրով հստակեցվում են Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության ապահովմանն ուղղված ՀՀ պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման տեղաշարժի ընթացակարգերը, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև քրեական իրավազորությանը, անվտանգությանը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր:
«Հայաստանում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակներն ու անձնակազմը, մաքսային և հարկային հարցերում ՀՀ իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն»,- նշել էր Սաֆարյանը։
Նա հավելել էր, որ նախագիծը միտված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը։
2023թ. փետրվարին ԵՄ խորհուրդը հայտարարել էր, որ մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: 2023-ի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում ընդլայնել դիտորդական առաքելությունը: