Հայաստանում ԵՄ առաքելության արդյունավետությունը կասկածներ է հարուցում, քանի որ Ադրբեջանը չի ճանաչում այն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։
«Հարցն այն է, թե ո՞րն է դիտարկման առարկան, և արդյոք այդ առաքելությունը ճանաչվա՞ծ է ադրբեջանական կողմից։ Եթե ճիշտ հասկանանք, Ադրբեջանը բացասաբար է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ մարտի 20-ին Հայաստանի խորհրդարանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ ընդունված համաձայնագիրը Երևանի միակողմանի որոշումն է։
«Այստեղ, հավանաբար, արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,- նշել է Պեսկովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը կարող է երկարաձգվել ևս երկու տարով։