Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները, «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանն ընդգծել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման առաջընթացի մասին, որի վերաբերյալ կողմերը քննարկում էին ունեցել 2023-ի հոկտեմբերին, երբ Փաշինյանն այցելել էր Գրանադա։
2023-ի հոկտեմբերին Գրանադայում Փաշինյանը հանդիպում էր ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ, որտեղ վերջինս հայտնել էր, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԼՂ հայության հումանիտար խնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով: Կողմերն անդրադարձել էին նաև ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը։