Հայաստանի Հանրապետությունը մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր արտաքին քաղաքականության մեջ որդեգրել էր «և՛-և՛» քաղաքականությունը։ Այսպես պատասխանեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն Armenia Today-ի հարցին, թե ի՞նչ հնարավոր ռիսկեր ու հնարավորություններ է տալիս մարտի 20-ին ԱԺ կողմից ընդունված Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
«Նիկոլ Փաշինյանը չէ, որ ՀՀ-ԵՄ համագործակցության հիմքն է դրել, նա չէ, ինչպես ինքն էր ասում, ՌԴ-ի հետ աննախադեպ հարաբերությունների կամ ջերմացման ժամանակաշրջան ապրում»,- ասաց Մկրտչյանը։
Պատգամավորի խոսքով՝ դեռ ընդդիմադիր եղած ժամանակ ներկայիս վարչապետը բազմիցս ծաղրում էր այդ քաղաքականությունը, թեև իշխանության գալու համար նա բառացիորեն կրկնում էր, որ երկու աշխարհաքաղաքական ուղով էլ զարգացումներ և համագործակցություն պետք է։
«Հանրապետական իշխանության ժամանակ է, որ կնքվել է ՍԵՊԱ-ն, ինչը խորացված համագործակցություն է ենթադրում ԵՄ-ի հետ, ինչն, իհարկե, Փաշինյանն այս պահի դրությամբ չի իմպլեմենտացնում»,- նշեց նա։
Մկրտչյանի խոսքով՝ վարչապետի ուղղությունը միայն իր աթոռի ոտքերն ամուր պահող գտնելու համար է։ «Դա ինչ-որ ժամանակահատվածում դրսևորվում է, օրինակ՝ ՌԴ նախագահի մոտ գնալով և Կարմիր հրապարակում անցկացվող «պառադը գովելով», մյուս կողմից՝ երկարացվում է ԱԺ-ում վավերացվող համաձայնագրով»,- շեշտեց նա։
Մկրտչյանը հոդորեց ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԱՄՆ եզրույթները տարանջատել «Նիկոլ-ԵՄ, Նիկոլ-ՌԴ, Նիկոլ-ԱՄՆ» եզրույթներից։
ԱԺ-ն մարտի 20-ին ընդունել էր «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
2023թ. փետրվարին ԵՄ խորհուրդը հայտարարել էր, որ մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: 2023-ի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում ընդլայնել դիտորդական առաքելությունը: Եվրոպացի դիտորդները հայ-ադրբեջանական սահմանը դիտարկում են 2022-ից։