«Միասին» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչների հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող սահմանազատման գործընթացը, որի արդյունքում մարզի մի շարք գյուղերի տարածքներ կարող են անցնել Բաքվի վերահսկողության տակ։
Շարժման համահիմնադիր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է խորհրդային շրջանի արձանագրությունների առկայության մասին, որոնցում այդ տարածքները ճանաչվել են հայկական։
«1980-ականներին Հայաստանի ղեկավարության դիմումի հիման վրա ԽՍՀՄ ԿԳԲ-ում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում ստորագրվել է արձանագրություն, ըստ որի, այսպես կոչված, անկլավ չկա»,- ասել է նախկին վարչապետը։
Նա ընդգծել է, որ խորհրդային տարիներին Ոսկեպար գյուղի դիմաց՝ Հայաստանի տարածքում, ադրբեջանցիներ են ապրել։ «Իսկ հիմա ադրբեջանական այդ բնակավայրը Բաքուն ներկայացնում է որպես անկլավ»,- ընդգծել է նախկին վարչապետը։
Մարտի 12-ին Փաշինյանը չէր բացառել, որ սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
Մարտի 20-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կողմնորոշվել, թե որ քարտեզով են սահմանազատելու սահմանը։ Միևնույն ժամանակ նա հայտնել էր, թե դելիմիտացիայի դեպքում որ գյուղերի որ հատվածներն են անցնելու Ադրբեջանին։