Ամերիկյան National Catholic Register թերթը մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Լեռնային Ղարաբաղում ագրեսիայից հետո ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) անցկացման հարցում Ադրբեջանին աջակցելու համար։
«Անկախ պատճառից, Ալիևին համաշխարհային ասպարեզում առանց փոխհատուցման մեծարելու որոշումը դավաճանում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ամենահիմնարար սկզբունքները՝ կապված ազգային ինքնիշխանության, կրոնական ազատության և մարդու այլ իրավունքների հետ»,- գրել է թերթը։
Հոդվածի հեղինակ, Հադսոնի ինստիտուտի կրոնական ազատության կենտրոնի տնօրեն Նինա Շին հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի «անվերապահ աջակցությունն» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Շին քննադատել է Բլինքենին այն բանի համար, որ Մյունխենի անվտանգության համաժողովում՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ չի նշել, որ վերջինս «անցյալ տարվա մեծ մասն անցկացրել է խախտելով միջազգային իրավական կարգը և մարդու իրավունքների նորմերը՝ առանց հետևանքների»։
National Catholic Register-ը հայտարարել է նաև ադրբեջանական զորքերի էսկալացիայի և լայնամասշտաբ ռազմական հարձակման ռիսկի մասին: «Նվաճելով հայկական մի համայնք՝ Ալիևն այժմ սպառնում է մյուսին»,- նշում է թերթը։
Շին ընդգծել է Բաքվին Վաշինգտոնի ռազմական օգնությունը դադարեցնելու մասին օրենքի ընդունման կարևորությունը և նշել, որ ԱՄՆ իշխանություններին այս հարցում կանգնեցնում են այնպիսի կարիքներ, ինչպիսիք են ադրբեջանական նավթը և ռազմավարական ավիաբազաները։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը աջակցություն էր հայտնել COP29 համաժողովը հյուրընկալելու Ադրբեջանի հայտին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունը հանածո վառելիքից կախված Ադրբեջանում կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչպես նաև տեղեկացրել բնապահպանների դժգոհության մասին՝ Ադրբեջանում գազի արդյունահանման ավելացման կապակցությամբ: Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և մի շարք այլ ֆրանսիացի քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ը հյուրընկալելուն: