ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը «վրդովեցուցիչ» է անվանել «Դոժդ» հեռուստաալիքի հայտարարությունները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին և այս կապակցությամբ խոր մտահոգություն հայտնել։
«Մենք վրդովեցուցիչ ենք համարում իրականությանը չհամապատասխանող և Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ հրահրելուն ուղղված նման տեղեկատվության նպատակային տարածումը»,- նշել են դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունից։
Դեսպանատունը նշել է, որ ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հայտարարություններ է տարածել՝ դատապարտելով քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային հանցագործությունը։
«Երևանի մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ»,- ասված է ուղերձում։
«Դոժդ» հեռուստաալիքի եթերում մարտի 22-ին ահաբեկչության ականատես ներկայացած տղամարդը՝ Էմին անունով Crocus-ի աշխատակիցը, կարծիք էր հայտնել, որ «այն, ինչ տեղի է ունենում, կարող է հայկական հետք ունենալ»։ Նա նշել էր, որ ինքն ադրբեջանցի է, ինչպես «բոլոր նրանք, ովքեր աշխատում են Crocus-ում [Crocus City Hall-ի սեփականատեր, գործարար Արազ-խմբ․] Աղալարովի համար»։ Նրա խոսքով՝ երբ հարձակումն սկսվել է, ինքը «զինյալների բղավոցների մեջ պարզորոշ ճանաչել է հայերենով տարբեր հայհոյանքներ»։ Հեռուստաալիքի հաղորդավարն այնուհետ ընդգծել է, որ իրենք ոչ մի կերպ չեն կարող հաստատել դա, և դեռ ոչ ոք չի հաստատել այս տեղեկությունը։
Մարտի 23-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր ահաբեկչության 115 զոհի մասին։ Ավելի ուշ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր 11 մարդու, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն ներգրավված բոլոր չորս ահաբեկչի ձերբակալության մասին։ Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ ժամանել է Թուրքիայից։
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Մոսկվայի Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ճշտվում են տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի մասին տեղեկությունները։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։