Հայաստանն և Վրաստանն անվերապահ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ինչն ամրագրված է երկու երկրների միջև 2024-ի հունվարի 26-ին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանում Վրաստանի՝ Եվրամիության անդամության պաշտոնական թեկնածու դառնալու լուրը կարևոր իրադարձություն են համարում։
«Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն։ Այն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա։ Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»,- հավելել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանն ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր պատասխանատվությունը։
«Հայաստանն Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի շրջանակում պատրաստ է առաջ շարժվել 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման, սահմանազատման իրականացման, ապաշրջափակման սկզբունքներով»,- հիշեցրել է Փաշինյանը։
Իր հերթին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անվերապահ աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը։
«Ես արտահայտել եմ իմ շնորհակալությունը պարոն Փաշինյանին, ով աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես ես եմ առանց վերապահումների աջակցում ՀՀ տարածքային ամբողջականությանը»,- նշել է նա։
Կոբախիձեն հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ի վերջո կստորագրվի և այն շոշափելի արդյունք կլինի։
«Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել այդ գործընթացին, նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին, ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի հնարավորությունները, որպեսզի կարողանանք պայքարել առկա մարտահրավերների դեմ։ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և խաղաղ ապրելու ջանքերին»,- հավելել է նա։
Վրացի պաշտոնյայի խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորացվեն ու կզարգանան տրանսպորտի, էկոնոմիկայի, զբոսաշրջության և այլ ուղղություններով։
Կոբախիձեն մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետը դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը։
Մանրամասները՝ տեսանյութերում։