Ադրբեջանը, հայերի նկատմամբ կեղծ քրեական գործեր հարուցելով, Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի ապօրինի հիմքեր է ստեղծում, հայտնել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա այսպես է մեկնաբանել Ադրբեջանի զինդատախազության որոշումը՝ 18 հայի նկատմամբ հետախուզում հայտարարել՝ «Բաղանիս-Այրումի ցեղասպանության դրվագով»։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքուն որոշել է նրանց հետապնդել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «ցեղասպանություն» և «բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում» հոդվածներով։
«Այն բանից հետո, երբ Հայաստանում բարձրագույն մակարդակով սկսեցին հայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի մասին, Ադրբեջանն անմիջապես հայտարարեց հայերի նկատմամբ հարուցված [կեղծ] քրեական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանության և տեղահանման ենթարկելու» հոդվածներով: Ադրբեջանն ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր` հարուցելով կեղծ քրեական գործեր»,- ընդգծել է Թաթոյանը:
ՀՀ նախկին ՄԻՊ-ը կարծում է, որ նշված զիջումը լի է նոր աղետաբեր հետևանքներով, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալություններով, առևանգումներով, գերեվարումներով:
«Ադրբեջանի իշխանությունն իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղության որևէ նպատակ չունի, ընդհակառակը` գործում է Հայաստանի ու հայությանն ուղղված առավել ընդգծված ագրեսիվ քայլերով ու սպառնալիքներով»,- հավելել է նա։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր սահմանամերձ այն գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Ութ գյուղից Բաքուն նշել էր Տավուշի մարզի որոշ բնակավայրեր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են կանխել նոր պատերազմը։
Մարտի 20-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կողմնորոշվել, թե որ քարտեզով են սահմանազատելու սահմանը։ Միևնույն ժամանակ նա հայտնել էր, թե դելիմիտացիայի դեպքում որ գյուղերի ինչ հատվածներ են անցնելու Ադրբեջանին։