Ադրբեջանի կողմից 1992 թվականին օկուպացված Արծվաշենի բնակիչները նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրել է «Փաստ»-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանն արծվաշենցիներից ստորագրություններ ու որոշ փաստաթղթեր է հավաքում։ Խոսքն Արծվաշենից հրաժարվելու համաձայնության փոխհատուցման մասին է, պարզաբանում է աղբյուրը։
Խեչոյանը, սակայն, հերքել է մամուլի տեղեկությունը։ Նա թերթին ասել է, որ «փոխհատուցման հարցի և նաև Արծվաշենի շուրջ պտտվող խոսակցությունների, կնճռոտ հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար խնդրել են հինգ բնակչի ընդունել»։
«Արծվաշենի ժողովուրդը, տեսնելով, որ խոսվում է Արցախից բռնի տեղահանվածներին փոխհատուցման հնարավորության մասին, ստորագրություններ է հավաքում։ Մենք էլ, որպես բռնի տեղահանվածներ, մեր գյուղի համար ենք փոխհատուցում ուզում: Բայց Արծվաշենից հրաժարվելու մասին խոսք չկա ու չի կարող լինել»,- ասել է նա և հավելել, որ իրենց ընդունելու մասին նամակի պատասխանը կառավարությունից դեռ չեն ստացել:
2023 թվականի նոյեմբերի 24-ին Փաշինյանը հաստատել էր Ադրբեջանի հետ երկու հարցի առկայությունը՝ անկլավների և էքսկլավների։ Վարչապետն ընդգծել էր, որ Արծվաշենը Խորհրդային Ադրբեջանի կողմից շրջապատված էքսկլավ է։ Փաշինյանը պարզաբանել էր, որ երբ Հայաստանը բարձրացնում է Արծվաշենի հարցը, Ադրբեջանը բարձրացնում է այլ անկլավների խնդիրները, որոնք կային ըստ խորհրդային քարտեզների։