ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախմբի կազմում հանդիպումներ կանցկացնի Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ արցախցիների վերադարձի համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ Օսկանյանը վերադառնալուն պես պատրաստվում է Արցախի կառավարության և պատգամավորների հետ հանդիպում ունենալ՝ ներկայացնելու իր վարած բանակցությունների արդյունքները:
«Թե ինչ կտան Օսկանյանի վարած բանակցությունները, պարզ չէ, բայց, ինչպես ասում են, «ջուրը կաթիլ-կաթիլ քար կծակի», իսկ ոչ պաշտոնական մակարդակով բանակցությունները, վստահաբար, ոչինչ չանելուց ավելի լավ է»,- գրել է թերթը:
Մարտի 16-ին Օսկանյանը կոչ էր արել օրակարգ բերել արցախահայությանն արժանապատիվ պայմաններով իրենց տները վերադարձնելու հարցը՝ հաշվի առնելով մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը:
Օսկանյանի գլխավորած հանձնախմբի կազմը հրապարակվել էր փետրվարի 3-ին։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի հիմնական խնդիրն արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունն է և, առաջին հերթին, նրանց հավաքական հայրենադարձությունը՝ միջազգային երաշխիքների պահպանմամբ։