Սահմանազատման գործընթացը Տավուշի մարզից սկսելու որոշումն ընդունվել է, քանի որ հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածների համեմատ այնտեղ ավելի քիչ վիճելի տարածքներ կան, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատումը հնարավորություն կտա վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները, որոնք հաստատված են համապատասխան իրավական փաստաթղթերով։
«Հիմա տեղի է ունենում գործընթաց, որի անունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի վերականգնում, այն եղել է և իրավաբանական փաստաթղթավորմամբ ապացուցված է: Խոսքը մի քարտեզի մասին է, որտեղ կա և՛ Հայաստանի ստորագրությունը, և՛ Ադրբեջանի»,- ասել է Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե որ քարտեզի մասին է խոսքը։
Նա հավելել է, որ իշխանությունները հաշվարկել են այն վտանգները, որոնք ի հայտ են գալու տարածքներ զիջելու արդյունքում Տավուշի պաշտպանական գիծը քանդելով: «Այո՛, հենց այդ հաշվարկն է դրված ամեն ինչի հիմքում»,- ասել է նա։
Միաժամանակ, թեև սահմանազատումը պետք է կրի հայելային բնույթ, սակայն երաշխիքներ չկան, որ Ադրբեջանը Հայաստանին կվերադարձնի իր օկուպացված տարածքները, ընդգծել է Սիմոնյանը։
Նա հերքել է Տավուշի տարածքներն Ադրբեջանին հանձնելու ՀՀ իշխանությունների մտադրության մասին հայտարարությունները։
«Մենք հիմա այն մարդկանց փնտրտուքի մեջ ենք, որոնք դա համարում են Հայաստանի տարածք: Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դրանք Հայաստանի տարածքում են: Հայաստանը կարող է իր տարածքը մետր առ մետր ցույց տալ բոլոր քարտեզներով, Խորհրդային Միության ստեղծումից սկսած՝ վերջացրած Հայաստանի անկախանալով: Տավուշում ապրող բնակիչները գիտեն, որ այ էս գծից այն կողմ միշտ եղել է Հայաստան»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է բուն Հայաստանին և, մասնավորապես, Տավուշի մարզին, ապա չկա մի գյուղ, որի շուրջ քննարկումներ ծավալվեն Ադրբեջանին հանձնելու մասին, հավելել է նա։
Սիմոնյանը հայտարարել է, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ ներկայիս իշխանությունները լավ գիտեն, որ այդ գյուղերը (որոնք սահմանազատումից հետո անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ-խմբ.) գտնվում են Ադրբեջանի տարածքում։
Ընդդիմությունը, նրա կարծիքով, այս գյուղերի խնդիրն օգտագործում է Հայաստանի իշխանությունների դեմ արշավում։ Ըստ նրա՝ ընդդիմությանը հերթական «ֆալստարտն է անում» և փորձում է դրա վրա ինչ-որ բան գեներացնել։
«Նախապես ասում եմ՝ չի ստացվելու: Հայաստանի տարածքի որևէ մաս սակարկման ենթակա չէ»,- ասել է Սիմոնյանը։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։
Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հայտնել էր, որ «եթե Ադրբեջանին մարզի չորս գյուղ չհանձնեն, պատերազմ կլինի»։ Նույն օրը՝ ավելի ուշ, Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: