Հայաստանի ու Տավուշի՝ 4+4 սխեմայով 8 գյուղ Ադրբեջանին հանձնելու դեպքում նոր սպառնալիքներ կառաջանան Տավուշի և, ընդհանրապես, Հայաստանի անվտանգության համար, հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Տավուշի և Հայաստանի հիմնական կոմունիկացիաները կհայտնվեն հակառակորդի ուղիղ նշանառության տակ, վտանգի տակ կլինեի նաև Իջևան-Բերդ մայրուղին և այդ տարածքում գտնվող գյուղերը, հավելել է անվտանգության հարցերով փորձագետը:
«Եթե շատ կարճ և ընդհանուր գծերով ներկայացնեմ, ապա Նոյեմբերյան քաղաքի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է, ադրբեջանցիները վտանգավոր բնագծերում տեղակայվելով՝ խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու մարզի տարբեր բնակավայրերի նկատմամբ»,- ընդգծել է Աբրահամյանը։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։
Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հայտնել էր, որ «եթե Ադրբեջանին մարզի չորս գյուղ չհանձնեն, պատերազմ կլինի»։ Նույն օրը՝ ավելի ուշ, Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: