Ընդդիմադիր «Միասին» շարժումը Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ապրիլի 8-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։
Դեմոկրտական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտնել է, որ շարժման մասնակիցները նախատեսում են Ազգային ժողովի դիմաց ցույցեր կազմակերպել, որտեղ կառավարությունը ներկայացնելու է 2023 թվականի իր ծրագրի կատարողականը:
«Ապրիլի 8-ին Ազգային ժողովում սկսում են քննարկել կառավարության կատարողականը: Մեր պահանջագրի մեջ կետ առ կետ նշված է, թե ինչ է ինքը (վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խմբ) պարտավորվել անել ու արել է հակառակը: Այդ օրերին ամենահուժկու ցույցերը պետք է կազմակերպենք»,- նշել է նա:
Սարգսյանի խոսքով՝ Փաշինյանը Ոսկեպարի ու մյուս գյուղերի (տարածքները Ադրբեջանին զիջելու-խմբ.) հարցով փորձում է ստուգել ժողովրդի դիմադրողականությունը. «Այսինքն եթե ինքը տարածք հանձնի, մենք դրան ինչպես ենք վերաբերելու: Այդպիսի փոփոխություն միայն ու միայն հանրաքվեով պետք է արվի», -նշել է նա։
Սարգսյանը հավելել է, որ շարժումն իր առաջարկները ներկայացրել է ԱԺ երեք խմբակցություններին, դիմել բոլոր պատգամավորներին՝ ասելով, որ «ամբողջ պատասխանատվությունն անհատապես ընկնում է» նրանց վրա, եթե ճիշտ որոշում չկայացնեն:
Ցույցի ժամանակ ելույթ է ունեցել նաև գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, նա հայտնել է իշխանությունների՝ 3-րդ բանակային կորպուսը (տեղակայված է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզին հարող հատվածում-խմբ.) կազմալուծելու մտադրության մասին:
«Որոշել են 3-րդ բանակային կորպուսին ոչ թե հետ քաշվելու հրաման տալ, այլ լուծարել այն: Բանակի զինվորը, սպան դրա համաձայնելով՝ դավաճանական քայլ է կատարելու»,- նշել է նա:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը շանտաժ է:
«Եթե ստանձնել ես պաշտոնը, պաշտպանիր մեզ, երկիրը, հայտարարիր զորահավաք, միջին տարիքի տղամարդկանց համար ելքն ու մուտքը փակիր: Ոսկեպարում 14-15 տարեկան երեխաները զինվորագրվում են, մինչդեռ Երևանում մտածում են, թե դա կատակ է»,- ընդգծել է նա:
Բագրատյանի խոսքով՝ պաշտպանական մեխանիզմները չեն աշխատում, որովհետև Փաշինյանն է վարչապետը:
«Միասին» շարժումը փետրվարի 20-ից բողոքի ցույցեր էր անցկացնում Երևանում՝ Հայաստանի իշխանությունների հրաժարականի պահանջով։
Մանրամասները՝ տեսանյութում: