ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը՝ հայտարարելով «ինչ-որ վտարանդի կառավարության» մասին, կառավարության մարտի 28-ի նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ արտաքին խաղացողները կարող են նման հայտարարություններ օգտագործել Հայաստանի դեմ։
«Ուզում եմ բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք․ արտաքին ուժերի որոշ շրջանակների կողմից ՀՀ-ում սպառնալիք չստեղծելու համար պետք է արվեն քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ եթե այդ գործողություններն (պետության համար վտանգավոր) արվում են կամա, թե ակամա՝ դա ուրիշ հարց է, բայց այն պետք է նաև պատասխան ստանա։
«Ես այսօր պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու, բայց ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից՝ որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ»,- նշել է նա։
Փաշինյանի դիտարկմամբ՝ եթե ՀՀ-ում որևէ մեկն իրեն ներկայացնում է որպես կառավարություն, ապա դա ՀՀ ազգային անվտանգության խնդիր է։
«Հույս ունեմ՝ այդ խնդրի գոյությունը չի նշանակում, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Ուզում եմ այս ուղերձը բոլորի համար հստակ լինի, սա ուղղակի հայտարարություն չէ, որը հնչում է բարձրախոսից։ Սա հստակ արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- ընգծել է վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ ուղերձներով հանդես եկողները նման պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորություն ունեցել են և տեսել է, թե ինչ են արել այդ հնարավորության հետ։
«Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն «հարգալից-անհարգալից»-ի գիծն անցնում են և այլ տրամաբանություն են ստանում, չեն կարող ՀՀ կողմից անարձագանք մնալ»,- շեշտել է Փաշինյանը։
Ավելի վաղ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին տված հարցազրույցում պատասխանել էր այն հարցին, թե Հայաստանում կա՞ վտարանդի հանրապետության կառավարություն։ «Այն շենքում, որտեղ ես ընդունում եմ ձեզ Երևանում, տեղակայված են Արցախի նախագահի աշխատակազմը և դատական և օրենսդիր կառույցների գրասենյակները։ Խորհրդարանականները կարող են հանդիպել այստեղ՝ քվեարկելու համար: Հոկտեմբերին ես հրամանագիր ստորագրեցի, համաձայն որի կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»,- ասել է նախագահը։
Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Armenia Today-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իրենց գործունեությունը կազմակերպելիս հաշվի են առնում «մի վնասիր» գործոնը, այսինքն՝ այն մեղադրանքները, որ Արցախի պետական կառույցներն իրենց գործունեությամբ սպառնալիք են ՀՀ-ի, հայ ժողովրդի համար, միանշանակ ժխտելի են։ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը մարտի 1-ից բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ է անցկացնում Երևանում՝ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման նպատակով։