ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման վերաբերյալ, հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի համար, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլ Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներդրմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի խզմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը:
«Նման իրադարձություններն անհանգստություն են առաջացնում Ռուսաստանում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներն ուղղակիորեն ասում են մեր գործընկերներին, որ իրենց հիմնական ուշադրությունը բացառապես Ռուսաստանի դեմ է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան «կեղծ» է անվանել Երևանի, Վաշինգտոնի և Բրյուսելի արձագանքը Մոսկվայի մտահոգություններին՝ հավելեով, որ արևմտյան երկրներն ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են իրենց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։
«Ինչո՞ւ է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Ի վերջո, ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է գործիքի՝ հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման համար, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի հիմնարար շահերին»,- ասել է նա։
Մարտի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված «հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը» և ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ: Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով հանդիպման պլանները, կոչ էր արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին զերծ մնալ քայլերից, որոնք «կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»։