Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում «Նոր ուժ» անվանմամբ կուսակցություն կհիմնի, հայտնել է «Ազատություն»-ը՝ հղում անելով նրա թիմակիցներին։
Ըստ կայքի՝ նորաստեղծ կուսակցության համագումարը կլինի մայիսի 1-ին։
News.am-ին կուսակցության գրասենյակից հայտնել են՝ «Նոր ուժը» գաղափարախոսությամբ սոցիալ-ռեֆորմիստական ուժ է, որի նպատակն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում շարունակական ռեֆորմների միջոցով սոցիալական արդարության հասնելն է։
Հունվարի 23-ին ԶԼՄ-ները գրել էին Մարությանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, քանի որ, ըստ հրապարակումների, նա չի կարողանում միանձնյա ղեկավարել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակով նա և իր թիմն անցել են Երևանի ավագանի։
Երևանի ավագանին փետրվարի 7-ին վաղաժամկետ դադարեցրել էր ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները: