ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները միտումնավոր քանդում են հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում: Հայաստանի ղեկավարությունը, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր հանգեցնում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզմանը»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Երևանի այս գիծը դրսևորվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի նկատմամբ զրպարտությամբ։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության:
Լավրովի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ առաքելությանը «հրավիրել է» Հայաստան՝ «խոստանալով Ադրբեջանին, որ դա կլինի ընդամենը 2 ամսով»։
«Եվ 2 ամիս անց, անտեսելով Ադրբեջանին, ԵՄ-ն կրկնապատկեց այդ առաքելությունը։ Այժմ այնտեղ են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- ասել է Լավրովը։
Արտգործնախարարը հավելել է, որ Երևանը չի նշում, որ ՀԱՊԿ-ը բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ էր իր խաղաղապահ առաքելությունն ուղարկել երկիր՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար։
Մարտի 2-ին Լավրովը հայտարարել էր, որ ՀՀ ղեկավարության հայտարարությունները ՌԴ-ին ստիպում են մտածել գործնական քայլերի մասին:
2023թ. փետրվարին ԵՄ խորհուրդը հայտարարել էր Հայաստանում քաղաքացիական առաքելության մեկնարկի մասին: 2023թ. դեկտեմբերին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ-ն որոշել է մեծացնել իր դիտորդական առաքելությունը՝ 138 անձնակազմից հասցնելով 209-ի: