Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ պայմանավորվել են խորհրդարանական պատվիրակությունների մակարդակում շարունակել երկխոսությունը և հաջորդ հանդիպումը, նախնական տվյալներով, կկայանա մայիսի կեսերին՝ Միջխորհրդարանական միության (IPU) հարթակում:
«Այդ հարթակը նրանց և մեզ համար այս պահի դրությամբ ամենացանկալին է, որովհետև նրանք մեծ հաշվով չեն միջամտում խոսակցությանը», – ասել է Սիմոնյանը:
Նա Ժնևում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումն «աննախադեպ» է անվանել: «Դա առաջին հանդիպումն էր, աննախադեպ բան տեղի ունեցավ»,-ասել է Սիմոնյանը՝ ավելացնելով, որ կառուցողական քննարկում ունեցան:
Սիմոնյանի խոսքով՝ Գաֆարովան հենց սկզբից ասել է, որ չի պատրաստվում քննարկել հարցեր, որոնք պառլամենտական դիվանագիտությունից դուրս են:
Սիմոնյանը հայտնել է, որ երկուստեք ընդունել են անվստահության մթնոլորտի առկայությունը: «Նա փորձել է վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք չի նախապատրաստվում: Ես հակված չեմ դրան, մենք մշտապես պետք է պատրաստ լինենք»,- ասել է ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ որոշում է կայացվել պառլամենտական մակարդակում շփումներ սկսել:
Մարտի 22-ին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները քննարկել էին Երևանի և Բաքվի միջև բանակցություններին նպաստելու հարցը: