ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «աբսուրդային» է անվանել Բաքվի արձագանքն ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը։
Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը, որը վաճառում է ԵՄ ռուսական գազն ադրբեջանական «բրենդի տակ», հարցեր է առաջացնում, Ադրբեջանը պաշտպանում է իր տնտեսական շահերը և կարծում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ որևէ բանակցությունների իրավունք չունի:
«Ադրբեջանի հայտարարությունները մի քիչ ծիծաղելի են, այսինքն՝ ինքը կարող է տիկին Ֆոն դեր Լայենի հետ հանդիպել, տասնյակ լուսանկարներ ունենալ, պայմանավորվել, որի ռուսական գազը վաճառելու է Եվրամիությանը, և բոլորս ձևացնելու ենք, որ դա ադրբեջանական գազ է, տնտեսական, էներգետիկ պայմանագրեր է կնքելու, իսկ Հայաստան չի՞ կարող և չպե՞տք է խոսի, չպայմանավորվի որևիցե հարցի շուրջ, դա մի քիչ աբսուրդ եմ գնահատում»,- ասել է նա:
ԱԺ նախագահը նաև մեկնաբանել է Ռուսաստանի արձագանքը Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը: Սիմոնյանն ընդգծել է, որ այս հանդիպումն ուղղված չէ որևէ մեկի դեմ և հույս է հայտնել, որ Ռուսաստանն ուշադրություն կդարձնի Ադրբեջանի պահվածքին, Զելենսկու հետ Ալիևի հանդիպումներին, Ուկրաինային օգնությանը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր հնարավոր ձևերով Բաքվի խախտմանը:
«Կուզենայի մի օր տեսնել ռուսական կողմի խանդագին մեկնաբանություններն Ադրբեջանի վերաբերյալ: Ինչո՞ւ չեն մեկնաբանում Ալիև-Զելենսկի հանդիպումը, Ալիևի բազմամիլիոն օգնություններն Ուկրաինային, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի բոլոր կետերի հնարավոր ոտնահարումը, Լաչինի միջանցքի արգելափակումը, հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ինչո՞ւ գերատեսչությունները դրա մասին բան չեն ասում»,- հարցրել է Սիմոնյանը:
Մարտի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված «հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը» և ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ: Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով հանդիպման պլանները, կոչ էր արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին զերծ մնալ քայլերից, որոնք «կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի համար, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլ Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներդրմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի խզմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը: