«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ չհստակեցնելով պատճառները, տեղեկանում ենք Միլիտոնյանի ֆեյսբուքյան էջից։
«Սեփական դիմումիս համաձայն այսօրվանից ազատվել եմ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ թիմին կատարված լայնածավալ աշխատանքի համար»,- գրել է նա։
Միլիտոնյանն ընկերությունը ղեկավարել է 2019 թվականի օգոստոսի 26-ից:
ԲՏԱ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանն Armenia Today-ին չհայտնեց Միլիտոնյանի հրաժարականի մանրամասները։ «Միայն կարող եմ ասել, որ ազատվել է սեփական դիմումի համաձայն»,- ասաց նա։
Մովսիսյանը չհայտնեց նաև, թե երբ է Միլիտոնյանը գրել դիմումը, լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու ԲՏԱ որոշումից առա՞ջ, թե՞ հետո։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) մարտի 29-ին հայտնել էր Հայաստանի տարածքում Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։ Ցանցից հայտնել էին, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ՀՀՌՑ-ի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը։