Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի առկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին TACC-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ պատրաստված «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը։
«Անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը։ 102-րդ ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն են։ Վտանգավոր դեմագոգիա է այն միտքը, որ դրանց դուրսբերումն ինչ-որ կերպ կուժեղացնի հանրապետության ռազմական ներուժը։ Ստիպելով մեզ այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ դրա դիմաց Արևմուտքը կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- նշել են ՌԴ դիվանագիտական ծառայությունից։
102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանի տարածքում է գտնվում 1995 թվականից։ Հենակետն ունի երկու զինվորական կայազոր Գյումրիում և Երևանում։
Ռասմուսենը զեկույցում հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցում «առավելությունների բացակայության» մասին։ Նշվում է, որ Մոսկվան դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, քանի որ դա կխաթարի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և կվերացնի նրա ռազմական ներկայության «հիմնավորումը», այդ թվում՝ Գյումրիի 102-րդ ռազմակայանը։