Ռուսաստանը չի հրաժարվում Երևանի և Մոսկվայի միջև կնքված պայմանագրերով նախատեսված իր պարտավորություններից, 24News-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն Ադրբեջանի ներխուժման դեպքում կպաշտպանի՞ արդյոք Հայաստանի տարածքը:
«Ես, որպես դեսպան, հիմք չունեմ չհավատալու, որ Ռուսաստանը հրաժարվում է այն պարտավորություններից, որոնք ստանձնել է մեր ունեցած պայմանագրերով։ Եվ եթե նայենք մեր հրապարակային հայտարարություններին, ապա դրանք կասկածի տակ դնելու հիմք չեն տալիս»,- ասել է նա:
Դեսպանը հիշեցրել է այս կապակցությամբ Ռուսաստանի հասցեին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում հնչեցրած քննադատությունը։ «Ո՞րն է նպատակը: Հարկավոր է, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները, կամ պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նա չկատարի այդ պարտավորությունները, քանի որ սա որոշակի տրամաբանությամբ է աշխատելու»,- հարցրել է դիվանագետը։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի համար կարևոր է Արցախի հայերի ճակատագիրը։ «Ռուսաստանը կարևոր է համարում, որ հայերն ապրեն իրենց պատմական հայրենիքում՝ Ղարաբաղում։ Հենց դրանով է պայմանավորված այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ինձ համար այնտեղ մնալը վկայում է այն մասին, որ այդ հարցը չի լուծվել»,- ասել է Կոպիրկինը` շեշտելով տարածաշրջան վերադառնալու արցախցիների իրավունքը:
Դեսպանը նաև հայտարարել է, որ Հայաստանին ռուսական զենքի մատակարարման նախկինում չկատարված պայմանագրերը կկատարվեն առաջիկա երկու տարում։
«Ռուսական կողմը շատ լուրջ է վերաբերվում այդ պարտավորությունների կատարմանը։ Այո՛, եղել են որոշակի հարցադրումներ, ուշացումներ՝ օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված, բայց հիմա կան ակտիվ շփումներ, փոխազդեցություններ, և առկա պայմանագրերը պետք է կատարվեն առաջիկա երկու տարում»,- ասել է դիվանագետը։
Մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները Հայաստանին Միութենական պետությանը միանալ ստիպելու Ռուսաստանի փորձերի մասին՝ դիվանագետն ընդգծել է, որ այս ասոցիացիային Երևանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել։ Կոպիրկինի խոսքով՝ ինքը տեղյակ չէ, որ այս հարցը երբևէ բարձրացվել է որպես քաղաքական երկխոսության և քննարկման առարկա։
Դեսպանն արձագանքել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում ռուսական կողմի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին Սիմոնյանի հայտարարությանը։ Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից ռուսական սահմանային կետեր են տեղադրվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի նպաստեն իրավիճակի կայունացմանը։ Ռուսաստանը գումարտակային խումբ է տեղակայել նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Նա նշել է, որ հայկական կողմն այդպես էլ չի որոշել օրինականացնել ռուսական ուժերի այս տեղակայումը։