Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անլուրջ է որակել «Ժողովուրդ» օրաթերթի լուրը, թե Փաշինյանը հրաժարական տալու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշում ունի։
Այդ մասին նա հայտնել է Armenia Today-ին՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը, ըստ որի՝ «Փաշինյանը որոշել է Տավուշի գյուղերի թեմայի շուրջ իրավիճակը թուլացնելու համար հրաժարական տալ և սեպտեմբերի 10-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»։
«Անլուրջ է»,- նշել է խոսնակը։
Թերթն ապրիլի 1-ին՝ ծիծաղի և հումորի համաշխարհային օրը, գրել էր, որ Փաշինյանը որոշել է հրաժարական տալ և սեպտեմբերի 10-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։
Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հայտնել էր, որ «եթե Ադրբեջանին մարզի չորս գյուղ չհանձնեն, պատերազմ կլինի»։ Նույն օրը՝ ավելի ուշ, Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: