Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքի բնակիչները հրապարակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձը, որտեղ իրենց անհամաձայնությունն են հայտնել տարածքների հնարավոր զիջումներին։ Բնակիչներն ուղերձը հանձնել են Փաշինյանին՝ վերջինիս հետ մարտի 18-ին կայացած հանդիպման ժամանակ, ուր, ըստ տեղեկությունների, քննարկվել էր նաև Ոսկեպարն Ադրբեջանին զիջելու հնարավորությունը։
«Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Ադրբեջանի կողմից ներկայացվող տարածքային պահանջների բավարարմանը և սահմանի այս հատվածում տարածքային զիջումներին։ Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքը, լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում՝ ի շահ մեր հայրենիքի ու բնակավայրերի պաշտպանության»,- ընդգծել են բնակիչները։
Նրանք նշել են տարածքները զիջելու դեպքում սպասվելիք վտանգների մասին։
«Սահմանի այդ հատվածում տարածքային զիջման հետևանքով կտուժեն ոչ միայն սահմանամերձ Բերքաբեր, Սարիգյուղ, Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան բնակավայրերը, այլև Հայաստանը կկորցնի Իջևան-Նոյեմբերյան միջպետական մայրուղին, կդատարկվեն նշված բնակավայրերը, և հակառակորդի համար սարերով ազատ ճանապարհ կբացվի դեպի Ալավերդի, Վանաձոր»,- հավելել են ուղերձում։
Ոսկեպարցիները Փաշինյանին հիշեցրել են ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Ոսկեպարի և հարևան բնակավայրերի բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած բռնությունները, գնդակոծությունները, առևանգումները, գերեվարումները։ Նրանք հայտարարել են, որ Հայաստանի զիջումների հետևանքով գյուղի բնակիչները կհայտնվեն արտաքին աշխարհից մեկուսացված, թշնամական տարրով շրջապատված վիճակում։
«Այժմ, երբ պետությունների «տարածքային ամբողջականության» կեղծ թեզի տակ հրապարակի վրա են այդ տարածքների վերադարձի մասին հրապարակային հայտարարությունները, դա մեզ համար միանգամայն անընդունելի է։ Իսկ ու՞ր է մնում «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» մեզ տրված ազատ ապրելու և տեղաշարժվելու իրավունքը։ Նույնիսկ այսօր, երբ հակառակորդի դիրքերից գտնվում ենք որոշակի հեռավորության վրա, պարբերաբար ենթարկվում ենք հակառակորդի ոտնձգություններին, մեր երկիրը չի կարողանում ապահովել մեր երեխաների անվտանգությունը։ Ի՞նչ կլինի, երբ այդ տարածքները վերադարձվեն և թուրք տարրը հայտնվի մեր տներից 20-30 մետր, դպրոցից 100 մետր հեռավորության վրա, երբ մենք նորից հայտնվենք արտաքին աշխարհից մեկուսացված, թշնամական տարրով շրջապատված վիճակում»,- նշել են բնակիչները։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: