Ադրբեջանը հետաձգում է Հայաստանի վրա հարձակումը՝ մինչև հանդիպման ավարտը, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կարո՞ղ է զսպող գործոն հանդիսանալ Բաքվի համար:
Միքայելյանը պարզաբանել է, որ Ադրբեջանն սպասում է Բրյուսելում կայանալիք հանդիպման արդյունքներին՝ հասկանալու, թե արդյոք ԵՄ-ն և ԱՄՆ-ն Հայաստանին անվտանգության երաշխիքներ կտա՞ն։
«Եթե այդպիսի երաշխիքներ չլինեն, եթե լրջորեն չընդլայնվի անվտանգության գործիքակազմը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքներ չհնչեն, ապա այդ ժամանակ Բաքուն կարող է այդ հանգամանքն իր համար նոր ագրեսիայի բավարար հիմք համարել»,- նշել է քաղաքագետը:
Նա հիշեցրել է Ադրբեջանի հայտարարության մասին, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատասխանատու են լինելու այն էսկալացիայի համար, որը կարող է տեղի ունենալ հանդիպումից հետո: Փորձագետի գնահատմամբ՝ առաջիկայում Ադրբեջանի կողմից էսկալացիայի հավանականությունը բավականին մեծ է։ Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն սկսել է հող նախապատրաստել նոր ագրեսիայի համար։
«Սա վերաբերում է նաև, այսպես կոչված, անկլավների, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքների հետ կապված համատեքստին, որոնց հավակնում է Ադրբեջանը՝ ելնելով խորհրդային տարիներին հայ-ադրբեջանական սահմանի կոնֆիգուրացիայից։ Այս հանդիպումից հետո բախում կարող է տեղի ունենալ, բայց ես չէի ասի, որ դա կնշանակի, թե Ադրբեջանն այդ բախումը հարմարեցրել է այդ հանդիպմանը»,- մանրամասնել է Միքայելյանը։
Ակնկալիքներ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների հետ Փաշինյանի բանակցություններից
Քաղաքագետը հիշեցրել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման պաշտոնական օրակարգի համաձայն՝ ԱՄՆ-ի նպատակն է «ապահովել Հայաստանի տնտեսական կայունությունը՝ իր գործընկերության դիվերսիֆիկացման պայմաններում»:
«Այսինքն՝ քննարկվելու են Եվրամիության և ԱՄՆ-ի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնման մեխանիզմները՝ Ռուսաստանի հետ նման գործընկերության նվազեցման համատեքստում։ Սա է հիմնական օրակարգը։ Հնարավոր է նաև որոշակի մարդասիրական օգնություն լինի Արցախից բռնի տեղահանվածներին Հայաստանում ինտեգրելու համար»,- կարծում է քաղաքագետը։
Չնայած պաշտոնական հավաստիացումներին՝ Միքայելյանը չի բացառել Բրյուսելում կայանալիք հանդիպմանն անվտանգության հարցերի քննարկման հնարավորությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հարձակման առկա ռիսկերը: Նա այս համատեքստում ուշադրություն է հրավիրել երկու հանգամանքի վրա. առաջինն, ըստ քաղաքագետի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնումն է՝ այնտեղ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ ընդգրկելով, երկրորդը՝ վերջին բանաձևերից մեկում ներառված կոչը, ըստ որի առաջարկել էին ընդլայնել առաքելությունը նաև Հայաստանի և Թուրքիայի սահմանին:
Երկրների հաշվին ԵՄ առաքելության ընդլայնումը նշանակում է, որ առաքելությունն աստիճանաբար վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության, կարծում է քաղաքագետը․ «Ինչ-որ հեռանկարում այդ հարցը նույնպես կարող է առաջանալ և չի բացառվում, որ այն կարող է քննարկվել ապրիլի 5-ին»:
Միքայելյանը չի բացառել, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ անվտանգության ոլորտում Հայաստանի համար ինչ-որ առաջարկներ կարող են լինել։ Ընդ որում՝ նա կարծում է, որ չի կարելի դրանք անվտանգության երաշխիքներ անվանել, քանի որ երաշխիքների համար սահմանին ռազմական ներկայություն է անհրաժեշտ։
«Եվ դա, միևնույն է, բավարար չէ, քանի որ այդ երաշխիքները գործնականում կյանքի կոչելու համար նաև քաղաքական կամք է պետք։ Այս դեպքում՝ մենք այդ մասին չենք կարող խոսել»,- ընդգծել է քաղաքագետը։
Բրյուսելյան հանդիպման ազդեցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա
Միքայելյանը, մեկնաբանելով Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ, Բաքվի հետ կապված իրավիճակը «ոչ միանշանակ» է անվանել:
«Ադրբեջանը Բրյուսելում բանակցություններ է վարել Հայաստանի հետ։ Այդուհանդերձ, այդ ուղին 2023 թվականի կեսերից ինչ-որ տեղ ընդհատվել է, քանի որ Ադրբեջանը վերջնականապես խաղադրույք է կատարել ուժային լուծման վրա, այդ թվում՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանի հետ։ Այդ ժամանակից ի վեր՝ ԵՄ-ն փորձել է մի քանի անգամ վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, սակայն դա այդպես էլ չի արվել, քանի որ Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է դրանից»,- հավելել է փորձագետը՝ հիշեցնելով 2023-ի հոկտեմբերին Գրանադայում կայացած հանդիպման մասին։
Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ քաղաքագետը որակել է որպես «Երևանի աշխարհաքաղաքական շրջադարձ»։
«Բնակչությանը մեդիադաշտում պատրաստում են նրան, որ Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Եվ դա աշխատում է, կան արդյունքներ: Բացի այդ, ընդլայնվում են արևմտյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների տարբեր ասպեկտները։ Զուգահեռ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալ սահմանափակումներ կան։ Ընդ որում՝ Իրանի հետ հարաբերությունները պահպանելու փորձ կա, ինչին դժվար կլինի հասնել՝ հաշվի առնելով, որ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանն այժմ BRICS-ի անդամ են»,- ընդգծել է նա։
Փորձագետը վստահ է, որ Հայաստան-ԵՄ երկխոսության խորացման դեպքում ՀՀ-ն հայտնվում է որոշակի մեկուսացման մեջ։
«Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել չի հաջողվի, իսկ Ռուսաստանն ու Իրանը քննադատաբար կվերաբերվեն Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությանը՝ դեպի Արևմուտք։ Այդ պատճառով Հայաստանը կհայտնվի մեկուսացման մեջ։ Վրաստանը բավականաչափ ուժեղ չէ, որպեսզի աջակցի Հայաստանին խնդիրների ավելացման դեպքում», – եզրափակել է Միքայելյանը։
Փաշինյանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ապրիլի 5-ին Բրյուսելում կքննարկի Հայաստանի զարգացմանն ուղղված եռակողմ համագործակցության ուղիները: Մարտի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հավաստիացրել էր, որ ՀՀ վարչապետի առաջիկա հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ: Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել այդ հանդիպման կապակցությամբ։ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Արևմուտքը Հայաստանին տրամադրում է Ռուսաստանի դեմ: