«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ձևաչափը ենթադրում է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ համատեղ օրակարգի ձևավորման հարցեր:
«Այն հարցերը, որոնք վերաբերում են տնտեսական անվտանգությանը, քաղաքական բարեփոխումներին և այլն, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են նաև անվտանգային միջավայրի հետ: Ի վերջո, տնտեսական անվտանգությունը, կայուն տնտեսությունը, արտահանումը, ներկրումը, հատկապես դեպի ծով ելք չունեցող երկրի համար, չափազանց կարևոր են և կարող են ներկայացնել անվտանգային լուրջ գործոններ»,- նշել է նա:
Չնայած անցյալում ևս համանման հանդիպումներ տեղի են ունեցել, բայց Վարդանյանը նախատեսված հանդիպումն «աննախադեպ» է որակել:
«Ես կարևորում եմ այս հանդիպումը, բայց չէի ուզենա, որ մենք շատ գերսպասումներ ունենանք կամ նսեմացնենք այս հանդիպման կարևորությունը»,- հավելել է պատգամավորը:
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի առաջիկա հանդիպումը, նշել էր, որ այն նվիրված է Հայաստանում բարեփոխումներին, ժողովրդավարությանը, տնտեսությանը և կայունությանը: «Խաղաղ գործընթացն այս հանդիպման նպատակը չէ։ Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցությունը, ինչպես նաև քաղաքական բարեփոխումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- ասել էր նա: