Հայաստանի ներկայիս իշխանությունները դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունն իզուր են համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր բացահայտ վատ են, «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա անդրադարձել է Հայաստանի պաշտոնյաների այն հայտարարություններին, որ «Հայաստանը Եվրոպական ժողովրդավարական արժեքների կրող է»։
«Ինչո՞ւ են նրանք համեմատում հայկական հնագույն, հազարամյա քաղաքակրթությունը ԵՄ-ի հետ այն դեպքում, երբ հայկական մշակույթը, պատմությունը, պետականությունը եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ են եղել։ Ինչո՞ւ են հայկական քաղաքակրթությունը համեմատում ներկայումս փակուղում գտնվող ԵՄ-ի հետ։ Երևանն իր համար «մոդել» է գտել, որի մասին Արևմուտքում արդեն ոչ ոք լուրջ չի խոսում»,- նշել է Զախարովան։
Մարտի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները միտումնավոր քանդում են հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Մարտի 2-ին Լավրովը հայտարարել էր, որ ՀՀ ղեկավարության հայտարարությունները ՌԴ-ին ստիպում են մտածել գործնական քայլերի մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա։