Ադրբեջանն է ցանկացել սահմանազատման գործընթաց սկսել Տավուշի մարզից, լրագրողներին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչո՞ւ են որոշել սահմանազատման գործընթացն սկսել հենց սահմանի հյուսիսային հատվածից։
«Շատ դժվար էր սահմանազատում սկսել սահմանի այս կամ այն հատվածից, որովհետև բանակցություններ չեն եղել և անընդհատ պատերազմի վտանգ կար։ Հիմա Ադրբեջանը ցանկացել է, որ սկսենք հյուսիսային սահմանից, սկսել ենք»,- ասել է Խաչատրյանը։
Նա չի համաձայնել լրագրողների այն պնդմանը, թե Տավուշի մարզից սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը, որը ենթադրում է 4 գյուղի տարածքների զիջում Ադրբեջանին, լուրջ ռիսկեր է պարունակում Հայաստանի անվտանգության համար։
«Որը մեր տարածքն է, պետք է տրվի մեզ, ինչը մեր չէ՝ սահմանից այս ու այն կողմ, պետք է վերադարձվի Ադրբեջանին»,- հավելել է նա։
Պատգամավորը հայտարարել է, որ այսօր Երևանը Բաքվի հետ որևէ քարտեզ չի համաձայնեցնում։
«Երևանը Բաքվի հետ որևէ քարտեզ չի համաձայնեցնում։ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված քարտեզ ու սահմաններ ունի, այն Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված քարտեզն է»,- ասել է պատգամավորը։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։