Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ոչինչ չի արել Հայաստանի ինքնիշխան տարածքներն Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու համար, լրագրողներին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։
Անվտանգության այն համակարգը, որի մաս էր կազմում Հայաստանը, ըստ Խաչատրյանի, գրեթե չի գործել, և գոյություն ունեն միայն թղթի վրա գրված պայմանավորվածություններ։
«Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանին հաջողվել է օկուպացնել Հայաստանի 150 քառ. կմ ինքնիշխան տարածքները։ Հայաստանն այսօր գծագրելու է իր անվտանգային համակարգը՝ անկախ նրանից, թե դա ում դուր կգա, ում՝ ոչ։ Մենք իրավունք չունենք անհիմն վստահել որևէ մեկին, ուստի գործնական քայլեր ենք ձեռնարկելու բոլոր՝ թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական պաշտպանական ուղղություններով»,- ասել է պատգամավորը:
Խաչատրյանը չի համաձայնել Ռուսաստանի ԱԳՆ-ի այն հայտարարության հետ, թե Հայաստանի արևմտյան կուրատորները ցանկանում են, որ Հայաստանը կորցնի իր ինքնիշխանությունը։
«Հայաստանը նախկինում երբևէ սուբյեկտայնության այնքան բարձր մակարդակ չի ունեցել, որքան այսօր։ Հայաստանի հետ այսօր հաշվի են նստում և՛ Եվրոպան, և՛ ԱՄՆ-ն»,- հավելել է պատգամավորը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 28-ին հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության, և որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է:
Մանրամասները՝ տեսանյութում։