Ֆրանսիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որ կոտրում է տաբուն՝ սարքավորումներ մատակարարելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր Հայաստանին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Նա շեշտել է, որ Ֆրանսիան իր կարողությունների սահմաններում հնարավորություն է տալիս Հայաստանին պաշտպանել իր ժողովրդին, իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
«Մենք չենք սպասում, որ ռազմական նոր դրվագ լինի, հետո օգնենք Հայաստանին»,- նշել է նա:
Անդրադառնալով մատակարարված սարքավորումների ռազմական նշանակության մասին հարցին՝ դեսպանն ասել է, որ եթե այդ զենքերը ռազմական նշանակություն չունենային, Ադրբեջանը դժգոհություն չէր հայտնի:
Դեսպանը նաև խոսել է Բլինքեն-Փաշինյան-ֆոն դեր Լայեն հանդիպման մասին՝ նշելով, որ դրա նպատակը Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելն է և այս հարցում Եվրամիության ու ԱՄՆ-ի ջանքերը համատեղելը:
Նա նշել է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկելու են ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու հարցերը: Անվտանգային հարցեր չեն քննարկվելու:
«Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ: Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում համագործակցություն ենք սկսել Հայաստանի հետ, որը զարգանում է»,- ընդգծել է դեսպանը: