Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նեղ կազմին հայտնել է, որ ԵՄ-ում համաձայն են Հայաստանին տարեկան մոտ 1 միլիարդ դոլար տրամադրել, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախատեսվող հանդիպմանը։
Թերթը մանրամասնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փակ քննարկման ժամանակ Փաշինյանին զգուշացրել են, որ առաջիկա հանդիպմանը պետք է զերծ մնալ ռիսկային քայլերից, և ԵՄ անդամության հայտ չներկայացնել, քանի որ, ըստ աղբյուրի, «Ռուսաստանում ծանր են տանում այս «դավաճանությունը»։
«Կարծիքներ են հնչել, որ չհաշվարկված հայտը մեզ վրա կարող է ոչ միայն «Զանգեզուրի միջանցք», այլև ամբողջ Սյունիք արժենալ: Ի վերջո, եկել են եզրահանգման, որ պետք է Արևմուտքից կոնկրետ երաշխիքներ պահանջել՝ ֆինանսական աջակցության տեսքով»,- հավելել է թերթը։
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի առաջիկա հանդիպումը, նշել էր, որ այն նվիրված է Հայաստանում բարեփոխումներին, ժողովրդավարությանը, տնտեսությանը և կայունությանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։