Հայաստանը եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով դիմել է ԵՄ-ին, «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և
մարտահրավերները» թեմայով ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Նա պարզաբանել է եվրոպական խաղաղության գործիքակազմի բնույթը։
«Սա անվտանգային մեկ այլ գործիքակազմ է, որը պետություններին տարբեր տեսակի աջակցություններ է տրամադրում։ Այդ աջակցությունը կարող է, օրինակ, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում ենթադրել։ Եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու Հայաստանի առաջարկը քննարկման փուլում է, և հուսով եմ, որ ՀՀ-ն կմիանա այս գործիքակազմից օգտվողների ցանկին»,- նշել է պատգամավորը։
Եղոյանը հայտնել է, որ վերջերս ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի աշխատանքներն սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել, ինչը մշակման փուլում է։
«Այս տեսանկյունից խոսքն ավելի շատ քաղաքական փաստաթղթի մասին է, որն այս պահին գտնվում է մշակման փուլում։ Մենք ակնկալում ենք, որ մշակման աշխատանքները կամբողջանան մայիս-հունիս ամիսներին»,- հավելել է պատգամավորը։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն կդիտարկի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակները։ 2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը վիզային ռեժիմի ազատականացման հարցը համարել էր Հայաստան-ԵՄ օրակարգի ամենաբարդ հարցերից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։