Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը «կարմիր դրոշի տագնապ» է հայտարարել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացիայի սպառնալիքի պատճառով։
«Տավուշի մարզում տեղի ունեցող իրադարձությունները կարծես ցույց են տալիս հայկական տարածքի նկատմամբ Ադրբեջանի պահանջատիրական մոտեցման նոր զարգացում. եթե վերջին ամիսներին Ադրբեջանի առաջնահերթությունն «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանի հարավում Սյունիքի «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ հավակնություններն էին, ապա այժմ թիրախում հյուսիսային տարածքներն էն։ Այս տեղաշարժի վրա, հավանաբար, ազդել է Հայաստանի հետ հարավային սահմանը պահպանելու Իրանի ամուր հանձնառությունը»,- գրել է ինստիտուտը:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ Հայաստանն այժմ ունի ռազմավարական բարձունքներ և լավ զարգացած պաշտպանական գծեր սահմանի այս հատվածում։ «Տավուշն առանձնանում է որպես Ադրբեջանի նկատմամբ գերազանց պաշտպանական դիրք ունեցող միակ մարզը՝ համեմատած մյուս սահմանամերձ շրջանների հետ, ինչը կարող է բացատրել այդ գյուղերը ձեռք բերելու Ադրբեջանի բուռն ցանկությունը՝ պոտենցիալ նպաստելով ողջ երկրի նվաճմանը»,- պարզաբանել է ինստիտուտը։
Միաժամանակ, տարածքային զիջումները կհանգեցնեն ադրբեջանական զորամիավորումների տեղակայմանը Երևան-Թբիլիսի մայրուղու հինգ հատվածով, ինչն անհնարին կդարձնի միջպետական ճանապարհի պահպանումը։ Այս սցենարը կխաթարի Հայաստանի և Վրաստանի միջև կարևորագույն հաղորդակցական կապերը՝ վտանգի տակ դնելով գազատարի և արտահանման ուղիների անվտանգությունը։ «Հայաստանը, ըստ էության, կդառնա Ադրբեջանով շրջապատված իսկական անկլավ, որը կսպառնա նրա տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը»,- ընդգծել են ինստիտուտում։
Հայաստանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տեղափոխումը նույնպես կստեղծի Տավուշի լիակատար շրջափակման վտանգ, որը նման կլինի Արցախի իննամսյա շրջափակման ժամանակ նկատված հումանիտար աղետին։ Ինստիտուտը նաև մեկնաբանել է իշխանությունների հայտարարությունները Հայաստանին Արծվաշեն գյուղն ստանալու պայմանով Բաքվին այդ գյուղերը փոխանցելու պատրաստակամության մասին։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմից «Արծվաշենի անկլավը Հայաստանին վերադարձնելու հնարավորության մասին նշաններ չեն եղել, իսկ Ադրբեջանը նման ստատուս քվոն ցանկալի չի համարում»։
Լեմկինի ինստիտուտը նշել է, որ ուշադրությունը Տավուշի վրա շեղելը չի չեղարկում Բաքվի հավակնությունները Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի նկատմամբ, ինչի վկայությունն է ապրիլի 2-ին Տեղ և Կութ գյուղերի գնդակոծությունը։ «Սա հատկապես մտահոգիչ է, քանի որ Ալիևի ռեժիմը հստակ ցուցումներ է տվել, որ ապագայում ծրագրում է սահմանափակել Հայաստանի վերահսկողությունը զգալի ջրային ռեսուրսների վրա, ինչպիսին է Սևանա լիճը»,- ասվում է զեկույցում:
Լեմկինի ինստիտուտը կարմիր դրոշի մասին տագնապ էր հայտարարել 2023 թվականի նոյեմբերին՝ Հայաստան Ադրբեջանի ներխուժման սպառնալիքի պատճառով, իսկ փետրվարին՝ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման սպառնալիքի և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների պատճառով:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը անվանել էր սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Ութ գյուղից Բաքուն նշել էր Տավուշի մարզի յոթ բնակավայր։ Միաժամանակ, Ադրբեջանը պահանջել էր անհապաղ հանձնել Տավուշի չորս ոչ անկլավային գյուղերը, իսկ մնացած չորսի ճակատագիրը թողնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը սպառնացել էր նրանց պատերազմով, եթե նրանք հրաժարվեն Ադրբեջանին հանձնել շրջանի չորս ոչ անկլավային գյուղեր։