«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամները հանդիպել են Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հետ, առայժմ «Քաղաքացիական պայմանագրի» հետ որևէ աշխատանք չի ստացվել, ապրիլի 5-ին հրավիրված հանրային քննարկմանը հայտնել է շարժման անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ ԱԺ խմբակցություններին ուղղված կոչին։
Մարտի 28-ին շարժումը դիմել էր ԱԺ խմբակցություններից երեքին և առաջարկել Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնել։
«ՔՊ-ն, դժբախտաբար, ջախջախիչ մեծամասնություն ունի։ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկի համար մեզ 36 ստորագրություն է հարկավոր»,- նշել է նախկին վարչապետը։
Բագրատյանը հայտարարել է, որ պատրաստվում են մեծացնել ճնշումը։
«Մենք մեծացնելու ենք քաղաքական ճնշումը։ Մեզ ավելի սարսափելի բան է սպասվում, քան արցախցիներն։ Մեզ տանում են ամենաստոր ճանապարհով՝ այն անվանելով եվրոպական ինտեգրացիա»,- հայտարարել է նա։
Մարտի 27-ին «Միասին» շարժումը Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակելու մտադրության մասին։ Նրանք հայտարարել էին, որ պատրաստ են ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել։