Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը վարչական պատասխանատվության է ենթարկել Թափոնների տեսակավորման վարչության վ/շ պատասխանատու Էմիլ Մկրտչյանին՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը հավանելու պատճառով, հայտնել է Մարությանը։
Նա հրապարակել է ՀՈԱԿ-ի տնօրենի՝ Մկրտչյանին ուղղված նամակը, որտեղ հիմնավորում է նրան տույժի ենթարկելու պատճառները։ Բեգոյանը գրառման հավանումը որակել է որպես «անհարգալից վերաբերմունք» կազմակերպության հանդեպ։
«Պաշտոնապես հաստատվում է այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք․ ՔՊ-ականները երկիրը կառավարում են ֆեյսբուքի միջոցով ու մարդկանց հետապնդումների են ենթարկում «անցանկալի լայքերի» համար»,- գրել է Մարությանը։
Նա չի նշել, թե կոնկրետ ինչ բովանդակության գրառում է հավանել ՀՈԱԿ-ի աշխատակիցը և հրավիրել է իրավապաշտպան կազմակերպությունների և ՄԻՊ-ի ուշադրությունը։