Եվրամիությունն ու ԱՄՆ-ն աջակցություն են հայտնել Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցմանը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը հանդիպել են Բրյուսելում՝ Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցությունը վերահաստատելու նպատակով։
Համատեղ հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն ընդլայնել համագործակցությունը՝ քաղաքական բարեփոխումների, տնտեսական զարգացման և մարդասիրական աջակցության ոլորտներում Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել գործընկերությունները շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում:
ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով:
ԵՄ-ն ու ԱՄՆ-ն նաև աջակցություն կտրամադրեն Արցախից տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։
«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը»,- ընդգծում են կողմերը՝ խոստանալով նպաստել Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։
Նաև նշում են, որ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված Արցախից տեղահանվածներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել նրանց արժանապատիվ կենսապայմանները։
«Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը»,- հավելել են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանի զարգացման համար առաջիկա չորս տարիներին 270 մլն եվրո կհատկացնի, որը հիմնականում կուղղվի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Բլինքենը հայտնել էր ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին: