Ապրիլի 5-ին Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու «Հավաքական Արևմուտքի» հերթական փորձը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հրահրել նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն, ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճին։
«Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։ Մենք գիտենք, որ Վաշինգտոնը և Բրյուսելը, ժամանակավոր խոստումների ներքո, ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, դուրս բերել ռուսական ռազմակայանը և սահմանապահներին»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը «թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով»:
Ընդգծվում է, որ Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի և ԵԱՏՄ ու ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից։ Գերատեսչությունը հաստատել է ռուսական կողմի մտադրությունը՝ համակողմանիորեն խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնարար երկկողմ փաստաթղթերում և համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների միջոցով։
Գերատեսչությունը պնդում է, որ Արևմուտքը չի հրաժարվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը քանդելու փորձերից, որոնք ամրագրված են 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով։
«Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղությանը։ Հարավային Կովկասում և՛ տարածաշրջանային, և՛ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքին համապատասխան, որը համաձայնեցվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում՝ «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպման ժամանակ, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։ Մենք կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին՝ իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։
Բրյուսելում եռակողմ հանդիպում էր կայացել Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև։ Հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացմանն առաջիկա չորս տարվա կտրվածքով, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել։