«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնել է, որ Տավուշի շրջանում միակողմանի զիջումները հանգեցնելու են ՀՀ ողջ անվտանգային համակարգի փլուզմանը, վտանգելու են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները` նոր սպառնալիքներ ստեղծելով Հայոց պետության համար։
Տարածված հայտարարության մեջ նախաձեռնությունն անհամաձայնություն է հայտնել միակողմանի զիջումների պարտվողական տրամադրությանը։ Նախաձեռնությունը կոչով դիմել է ՀՀ բոլոր քաղաքացիներին և սփյուռքի հայրենակիցներին:
«Սա միայն Տավուշ աշխարհի կամ տավուշցու հարցը չէ, սա ամբողջ հայ ժողովրդի և Հայոց պետականության խնդիրն է։ Վճռական այս պահին միահամուռ կերպով կանգնենք պետական շահի, հայկական բանակի և տավուշեցու կողքին, ու միասին թույլ չտանք մեզ պարտադրվող նոր կործանարար զիջումները»,- շեշտել են տարածված հայտարարության մեջ։
Քաղաքացիական նախաձեռնությունն Իջևանում հանդիպում է անցկացրել, հայտնում է նախաձեռնության Ֆեյսբուքի էջը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Պատգամավոր Դանիելյանը ներկայացրել է Տավուշի մարզի 4 գյուղի հնարավոր հանձնման հետևանքով ապասվելիք արհավիրքները։ Գնդապետ Մախսուդյանը կոչ է արել պայքարել, չվախենալ, միասնական լինել: «Հայրենիքն սկսվում է սահմաններից»,- Վազգեն Սարգսյանի խոսքերն է մեջբերել նա:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: