ՔՊ անդամների սպասելիքներն ապրիլի 5-ին կայացած բրյուսելյան հանդիպումից չեն արդարացել, քանի որ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների սպասելիքներ ունեին, բայց ընդամենը 270 մլն եվրոյի և 65 մլն դոլարի դրամաշնորհ խոստացան, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով կուսակցությունում իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ իշխանականները կարծում են, որ Արևմուտքը չի գնահատել իրենց նվիրումը և այն, որ տևական ժամանակ քննադատում են Ռուսաստանին, և «Հայաստանի բոլոր մեղքերը բարդում նրա վրա»։
«Իշխանական շրջանակներում միմյանց երեկ մխիթարում էին, թե գուցե Փաշինյանն ստվերային պայմանավորվածություններ է ձեռք բերել, ինչի մասին հրապարակային չեն ասում, դիցուք՝ մատակարարումներ բանակին»,- նշել է թերթը։
Լրատվականը հավելել է, որ նրանք սպասում են վարչապետի վերադարձին՝ հույսով, որ նա «կփարատի իրենց հիասթափությունը»։
Ապրիլի 5-ին կայացել էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների հետ ՀՀ վարչապետի հանդիպումը, որի արդյունքներով կողմերը հանդես էին եկել հայտարարություններով։ ԵՄ-ն հայտնել էր, որ Հայաստանին 270 մլն եվրո աջակցություն կտրամադրի, իսկ ԱՄՆ-ն՝ 65 մլն դոլարի։ Մարտի 27-ին Հայաստանի ԱԳՆ-ն վստահեցրել էր, որ հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։