Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն աշխատանքից ազատել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանին՝ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների արգելման հետ կապված իրավիճակի պատճառով, գրում է «Փաստ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Թերթի ունեցած տեղեկություններով՝ ի պատասխան հաղորդման «անջատման» պահանջի, Միլիտոնյանը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին ասել է, որ տեխնիկապես հնարավոր չէ դա անել, սակայն պարզվել է, որ նման հնարավորություն կա։ Այդ պատճառով Միլիտոնյանին պարտադրել են հրաժարականի դիմում գրել, հայտնել է թերթը։
Լրատվականի տեղեկությամբ՝ իշխանություններն այսքանով չեն սահմանափակվելու: Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում վերջնականապես որոշվելու է հանրային մուլտիպլեքսում ռուսական երկու ալիքի հեռարձակումը դադարեցնելու հարցը, որի հետ կապված հիմա համապատասխան փաստաթղթեր են պատրաստում, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ։
Մարտի 29-ին Միլիտոնյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ չհստակեցնելով պատճառները։ ՀՀՌՑ-ն մարտի 29-ին հայտնել էր Հայաստանի տարածքում Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։ Ցանցից հայտնել էին, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ՀՀՌՑ-ի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը։