Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները, ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունն ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն անվանել է սադրիչ և հայտարարել, որ դրանք արդարացում չունեն:
«Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով, մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով՝ Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների՝ վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար»,- նշել է ԱԳՆ-ն:
Գերատեսչության նշել է, որ ՀՀ ԶՈւ-ի պատասխան գործողությունների դադարեցման շնորհիվ իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:
ԱԳՆ-ն չարդարացված է համարել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները, քանի որ, ըստ նրա, բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն են:
ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ ՀՀ-ն սպասում է հայելային հետքաշման մասին առաջարկի Բաքվի պատասխանին։
«Միևնույն ժամանակ՝ հիշեցնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկներն Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանք»,- ասված է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն անհասկանալի է անվանել նաև մեղադրանքները պաշտպանական նպատակներով սպառազինությունների ձեռքբերման առիթով, քանզի «Ադրբեջանը Հայաստանից անգամներով ավել սպառազինություն է ձեռք բերում, ինչի մասին Հայաստանը համապարփակ տեղեկատվություն է ստանում»:
Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի սահմանագոտու ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ փոփոխական ինտենսիվությամբ և անկանոն կրակ է բացել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից։