Երուսաղեմի հայկական կազմակերպությունները միջազգային հանրությանը կոչ են արել Իսրայելի կառավարությունից պահանջել դադարեցնել տեղի ոստիկանության ոտնձգությունները Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի այգու» հատվածի նկատմամբ, հայտնում է Movement to Save the Quarter-ը:
«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին, հանրության ուշադրությունը հրավիրել էկզիստենցիալ ճգնաժամի վրա, համախմբվել մեզ հետ և գործադրել բոլոր ջանքերը՝ դադարեցնելու հետագա հարձակումները հայկական տարածքի վրա և պահպանել ստատուս քվոն Հայկական թաղամասում»,- ասված է հայտարարության մեջ։
Կազմակերպություններն ընդգծել են, որ ոստիկանությունը միացել է Xana Capital ընկերությանը՝ ապօրինաբար պահանջելով ազատել այդ տարածքը՝ չնայած Հայոց պատրիարքարանի կողմից ապօրինի գործարքը չեղարկելու համար հարուցված դատական գործընթացին։ Անվտանգության ուժերն այսպիսով սրում են լարվածությունը և սպառնում են Երուսաղեմում հայերի 1600-ամյա ներկայությանը։
Կոչն ստորագրել են Hoyetchmen и Homenetmen կազմակերպությունները, ՀՅԴ-ն, Հայ ազատական դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի օգնության միությունը և Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասը փրկելու շարժումը։
«Նրանք զինված են, մենք՝ ոչ։ Մեր ֆիզիկական անվտանգությունը, սպասվող դատական գործընթացները և ստատուս քվոն պետք է պաշտպանված լինեն: Հենց հիմա բոլորին վտանգի տակ են դնում իսրայելական ոստիկանության և վերաբնակիչների գործողությունները»,- եզրափակել են կազմակերպությունները։
Ապրիլի 3-ին հայտնի էր դարձել, որ մի խումբ հրեա ծայրահեղականներ՝ ավելի քան 20 իսրայելցի ոստիկանների ուղեկցությամբ, ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածք, որին հավակնում է իսրայելական Xana Capital ընկերությունը։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանն Իսրայելի ոստիկանության գործողություններն անվանել էր «անօրինական» և Իսրայելի կառավարությունից պահանջել պատասխանատվության ենթարկել տեղի ունեցած իրադարձություններին մասնակից ոստիկաններին:
2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»: Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչ «Կովերի այգում» հարձակվել էր հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։
Փետրվարի 18-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ անվավեր ճանաչելու Հայոց պատրիարքարանի և իսրայելական «Xana Capital» ընկերության միջև Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի այգի» հողամասի վարձակալության պայմանագիրը: