Եռակողմ հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր ԵՄ-ի և ԱՄՆի-ի հետ ՀՀ հարաբերությունների խորացման համատեքստում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ խոստացված դրամական աջակցությունը միայն մի մեծ գործընթացի մաս է, «սրանով ոչ սսկսվել է, ոչ էլ ավարտվել»: Միրզոյանի խոսքով՝ հանդիպման օրակարգում ռազմական բաղադրիչ չի քննարկվել, բայց այն սերտորեն կապված է քննարկված մյուս հարցերի հետ:
«Ապրիլի 5-ի միջոցառման ընթացքում քննարկումների սեղանին ռազմական բաղադրիչ չի եղել, բայց դիմակայունության բարձրացումը նաև անվտանգային դիմակայունություն է»,- ասել է նա:
Բրյուսելում եռակողմ հանդիպում էր կայացել Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև։ Հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացմանն առաջիկա չորս տարվա կտրվածքով, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել։
Նախարարը նաև անդրադարձել է սահմանին Ադրբեջանի սադրանքների մասին հարցին: «ՀՀ-ն ակնհայտորեն շահագրգռված չէ էսկալացիայով: Այդ քայլերը նոր էսկալացիայի համար սադրանք են և պատրվակ»,- շեշտել է Միրզոյանը՝ իրավիճակի լիցքաթափման գործում կարևորելով ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունը:
Նա անհասկանալի է համարել Ադրբեջանի սադրանքները, քանի որ «անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին»:
«Մի կողմից մենք նստում են լուրջ բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղության գործընթաց ենք նախաձեռնում և ամբողջ աշխարհին ասում, որ մենք խաղաղություն ենք ուզում կառուցել, ադրեջանական կողմը միջնորդներին, հանդիպումների կազմակերպիչներին, մեզ հավաստիացնում է, որ խաղաղություն է ուզում կառուցել և, մյուս կողմից, այսպիսի միջադեպեր, պատրվակներ ստեղծում»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նա վերահաստատել է, որ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու պատմական հանրավորություն կա, բայց երկու հարցի վերաբերյալ փոխըմբռնում չկա:
«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի կնքման հետ կապված մի շարք փոխադարձ համաձայնությունների ենք եկել, ցավոք, երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից: Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին: Երկրորդն ենթակառուցվածքների ապաշրջափակումն է»,- ընդգծել է նա:
Նա հավելել է, որ սահմանազատման և տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում փորձում են հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին, բայց «տեսնում են Ադրբեջանի դժկամությունը»:
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի սահմանագոտու ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ և անկանոն կրակ է բացել: