Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի աջակցություն Հայաստանում գտնվող քաղբանտարկյալների և Բաքվում պահվող ռազմաքաղաքական բարձրաստիճան ղեկավարության ազատ արձակման։
Ակցիայի մասնակիցները Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին միջնորդավորված փոխանցել են համապատասխան բովանդակությամբ նամակ, քանի որ ըստ նրանց՝ իրենց խոչընդոտել են առձեռն փոխանցել այն։ Բուրիչը Հայաստան է ժամանակ ապրիլի 8-ի առավոտյան։
Ակցիայի կազմակերպիչները նամակով Բուրիչից ու նրա պատվիրակությունից պահանջում են ՀՀ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽՎ-ում քննարկում կազմակերպել և բանաձև ընդունել, որով ՀՀ իշխանությունների առաջ պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։
«Մեր երկրի քրեակատարողական հիմնարկները լցված են քաղբանտարկյալներով, իսկ անկախ լրագրողները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, հասարարակական և քաղաքական գործիչներն ապօրինի ձերբակալվում են ու կալանավորվում»,- ասված է Բուրիչին ուղղված նամակում։
Ըստ ակցիայի կազմակերպիչների՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներն են Վանաձորի ընտրություններում հաղթած և այդ պատճառով կալանավորված Մամիկոն Ասլանյանը, որն արդեն 2 տարի 3 ամիս անազատության մեջ է, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը արդեն 10 ամիս է «շինծու քրեական գործով» գտնվում է կալանքի տակ, հանրային գործիչ Նարեկ Մալյանը, որը 7 ամիս է կալանքի տակ է համացանցային գրառման համար, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որը 18 օր առաջ ենթարկվել է 2-ամսյա կալանքի՝ «Իմնեմնիմի» փաթքաստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար, նույն հաղորդման վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը, որը նույն օրն ազատությունից զրկվել է 2 ամիս ժամկետով։
Ակցիայի մասնակից և վարող, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը համոզված է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բուրիչի հետ հանդիպմանը չի բարձրացնելու Բաքվում գտնվող ռազմաքաղաքական վերնախավի ազատման հարցը։
«Գոնե այստեղից նրանք լսեն, որ Հայաստանում չեն մոռացել ու չեն մոռանալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ որպես խղճի բանտարկյալ, որպես քաղբանտարկյալ, որպես իրենց ազգության համար բանտում գտնվող մարդիկ։ Նրանց մասին միջազգային հարթակներում չեն խոսում»,- ասաց Մելիքնյանը՝ նշելով, որ այստեղ են հավաքվել և՛ Երևանի, և՛ Բաքվի հայ քաղբանտարկյալների համար։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հույսեր չունի ԵՄ-ից՝ գերիների ու քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում։ Ըստ նրա՝ հակառակը, ԵՄ երկրները պատրաստվում են խորացնել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ։
«Բնական է, որ նրանք ոչինչ չեն անելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները սահմանափակելու համար, էլ չեմ ասում, որ դադարեցնեն։ Դրանից բխում է մի պարզ բան, որ Եվրոպան կարող է անել շատ բան, բայց չի անելու ոչինչ։ Եվրոպան լուծում է իր տնտեսական ու քաղաքական շահերը, նրան հետաքրքիր չեն ո՛չ Նարեկ Սամսոնյանը, ո՛չ Վազգեն Սաղաթելյանը, ո՛չ Նարեկ Մալյանը, ո՛չ Արմեն Աշոտյանը։ Մենք խանգարում ենք Եվրոպայի տնտեսական շահերի սպասարկմանը»,- ասաց Ադիբեկյանը։
Հիշեցնենք, որ դատարանը Մամիկոն Ասլանյանին ձերբակալել է 2021 թվկանի դեկտեմբերին, Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրել 2022 թվականի նոյեմբերին, Նարեկ Մալյանին ձերբակալել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Նարեկ Սամսոնյանին կալանավորել է մարտի 23-ին, Վազգեն Սաղաթելյանին նույնպես ձերբակալել է մարտի 23-ին։