«Ամերիաբանկ»-ը կնքել է վաճառքի պայմանագիրը, տեղեկանում ենք բանկի պաշտոնական էջից։
Հրապարակման մեջ ասված է, որ բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումներն ստանալուց հետո բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկ»-ի բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են։
Բանկից նշել են, որ ապրիլի 4-ի դրությամբ՝ «Ամերիաբանկ»-ի նոր բաժնետերերն են Bank of Georgia Group PLC («Բենք օֆ Ջորջիա Գրուփ» ՓիԷլՍի») 70,279 բաժնետոմս կամ մոտ 60 %, Bank of Georgia JSC («Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` 35,140 բաժնետոմս կամ մոտ 30 %, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 11,713 բաժնետոմս կամ մոտ 10 %:
Մարտի 30-ին հայտնել էինք, որ ԿԲ խորհուրդը որոշում էր կայացրել նախնական համաձայնություն տալ «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը։
Փետրվարի 15-ին Bank of Georgia-ն հայտնել էր «Ամերիաբանկի» գնման շուրջ բանակցությունների մասին: «Ամերիաբանկի» մամուլի ծառայությունն Armenia today-ին հաստատել էր, որ բանակցություններ են ընթանում։ Փետրվարի 19-ին Bank of Georgia-ն հայտարարել էր «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 100 %-ը գնելու մասին։