ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 8-ին Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները:
Նշվում է, որ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Բուրիչն, իր հերթին, նշել է, որ նախագիծը կարող է խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ դառնալ:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրները։ «Վարչապետն անդրադառնալով Եվրոպայի խորհրդի հետ գործակցության օրակարգին՝ կարևորել է ԵԽ-ի դերը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման և միջազգային աջակցության ցուցաբերման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 5-ին կայացել էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների հետ ՀՀ վարչապետի հանդիպումը, որի արդյունքներով կողմերը հանդես էին եկել հայտարարություններով։ ԵՄ-ն հայտնել էր, որ Հայաստանին 270 մլն եվրո աջակցություն կտրամադրի, իսկ ԱՄՆ-ն՝ 65 մլն դոլարի։ Մարտի 27-ին Հայաստանի ԱԳՆ-ն վստահեցրել էր, որ հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։