«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է դիմադրություն կազմակերպել իշխանությունների՝ սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելու ծրագրերի դեմ։ Նրա խոսքով՝ դիմադրությունն ու հակազդեցությունը պետք է կազմակերպվեն երեք մակարդակում:
Նա նշել է, որ առաջինը Տավուշն է: Պատգամավորը կարևորել է, որ Տավուշի բոլոր շրջանները՝ սահմանամերձից մինչև քաղաքներ, այդ հակազդեցությունը, դիմադրությունը ցույց տան:
«Չի կարող տավուշեցի պատգամավորը Երևանում հայտարարի, որ այս չորս գյուղն ադրբեջանական են ու գա Իջևանի ռեստորաններում խորոված անի: Եթե հանդուրժեք, հակազդեցության, դիմադրության չարժանանան, հանձնելու են»,- ընդգծել է նա:
Երկրորդ մակարդակը, ըստ Սաղաթելյանի, ամբողջ ՀՀ տարածքում հակազդեցություն կազմակերպելն է. «Տավուշում ապրող քաղաքացին պետք է տեսնի, որ սա միայն իր խնդիրը չէ, Հայաստանի բոլոր քաղաքներում, գյուղերում պետք է հասկանան, որ այստեղի մի թիզ զիջումը՝ զիջում է Երևանում»:
Նա հայտնել է, որ հաջորդ շաբաթ ԱԺ-ում հրավիրել են հրատապ նիստ, որտեղ հայտարարության նախագծով են հանդես գալու, մյուս շաբաթ խորհրդարանական լսումներ են կազմակերպելու:
«Խորհրդարանական մեր ողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս թեման բարձրացնելու և հակազդեցություն ձևավորելու համար»,- ասել է նա:
Հաջորդ հարթությունը, ըստ պատգամավորի, համահայկական աշխատանքն է․ «Քանի որ սա համազգային խնդիր է, սրան պետք է արձագանքի նաև Սփյուռքն ամբողջությամբ՝ ցույց տալու համար, որ մերժում է իշխանությունների կողմից առաջարկվող միակողմանի զիջումները»:
Նա հայտնել է, որ այս առումով ևս աշխատանքներ տարվում են: Միջազգային հարթակներում ևս, որտեղ հնարավորություն կա, բարձրաձայնում են, բացատրում իրավիճակը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանի հետ 1000 կմ սահման ունենք, ՀՀ դիրքերն ամուր են Տավուշի և Նախիջևանի հատվածում: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ նախորդ շրջանում այս տարածքներում պաշտպանական համակարգ էր ձևավորվել։
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ լրացել է իշխանությունների կողմից խոստացված 10-օրյա ժամկետը, սակայն Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի բնակիչներին կառավարության պարագլուխն այդպես էլ չի այցելել:
«Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիները մտահոգություն էին հայտնել հատկապես անվտանգային հարցերի հետ կապված։ Ընդգծում էին այն հանգամանքը, որ զիջումների պարագայում իրենց գյուղերը կենսունակ չեն լինի։
«Տավուշաբնակ մեր հայրենակիցները վրդովված էին իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից, որոնք, բառացիորեն, նույնական են ադրբեջանցի պաշտոնյանների հայտարարություններին»,- Facebook-ի իր էջում գրել էր պատագամավորը։
Ապրիլի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնել էր, որ Տավուշի շրջանում միակողմանի զիջումները հանգեցնելու են ՀՀ ողջ անվտանգային համակարգի փլուզմանը, վտանգելու են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները` նոր սպառնալիքներ ստեղծելով Հայոց պետության համար։
Մանրամասները՝ տեսանյութում: