Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցեն ԱԺ ընդդիմության առաջարկած՝ սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ քննարկմանը։ Փոխվարչապետի գրասենյակից տեղեկությունն Armenia Today-ին հաստատեցին, իսկ ԱԳՆ-ից դեռևս չեն պատասխանել մեր հարցմանը, սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Միրզոյանը նույնպես ընդունել է հրավերը։
Ըստ օրաթերթի՝ նիստը կլինի փակ, քանի որ ՔՊ-ն մերժել է բաց ֆորմատով անցկացնելու ընդդիմության առաջարկը։
Ապրիլի 2-ին հայտնել էինք, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի առաջին հիմնական նիստի ժամանակ նախաձեռնել ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցերով հրատապ նիստ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: