Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ ապրիլի 8-ի իր այն հայտարարությունը, թե ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումն սկսել Տավուշի հատվածից, շփոթմունք է։
«Խառնել էի»,- արձագանքել է պատգամավորը՝ հստակեցնելով, որ սահմանազատմանը վերաբերող խնդիրները քննարկվում են Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովում։
«Երեկվա իմ ճեպազրույցում պարզապես ուզում էի ասել, որ ԳՇ-ի կարծիքը նման աշխատանքների կազմակերպման հարցում պետք է առաջնային լինի։ Առանց ԳՇ-ի աշխատանքների կազմակերպման՝ արդյունավետությունն անհնար կլինի»,- հավելել է պատգամավորը։
Քոչարյանն ապրիլի 8-ին լրագրողներին հայտնել էր, որ ԳՇ-ն է նպատակահարմար գտել սահմանազատումն սկսել Տավուշի հատվածից։
Ապրիլի 2-ին հայտնել էինք, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի առաջին հիմնական նիստի ժամանակ նախաձեռնել ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցերով հրատապ նիստ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։